01:28 Ամեն անգամ մորս հանդիպելուց կարոտում եմ մանկատունը. Գագիկ Շամշյան | |
Գագիկ Շամշյանը մեծացել է Կամոյի՝ Գավառի մանկատանը։ «Մայրս Բրյուսովի ինստիտուտի ուսանողուհի ա եղել, երբ որ խափնվել ա։ Ինձ երեք ամսականում թողել ա գրությամբ, որ երեք տարով ա թողում»,- պատմեց ֆոտոլրագրողը «Կենտրոն» հեռուստատեսության «Հայելու առաջ» հաղորդման հյուրասրահում։ Իրեն «ժամանակավոր» թողնելու պատճառով, տնօրինությունն իրավասու չի եղել իրեն ընտանիք ունենալու հնարավորություն տալ, թեպետ «երբ գալիս էին մանկատնից էրեխա որդեգրելու ու էրեխեքին շարում էին պատի տակ, ամեն անգամ մատներն իմ վրա էին լինում»՝ որդեգիրներն իրեն էին ընտրում։ Ուսուցչանոցից պատանի Գագիկը գողացել է իրենց տան հասցեն ու նամակ գրել մորը։ «Ես քեզ ուզում եմ տեսնել»,- խնդրել է նա ու իր հեղինակած բանաստեղծությունը նվիրել մորը։ Ի պատասխան՝ որոշ ժամանակ անց նրան հաղորդել են, որ մայրը մահացել է, թեպետ հենց այդ պահին նա հեռվից դիտել էր, թե ինչպես է ինքը տանջվում մորը գտնելու հույսը կորցնելու ցավից։ Երեք տարի հետո, մանկատունն ավարտելով, գտել էր մորը, ով արդեն ամուսնացած էր, իսկ ամուսինն իր մասին չգիտեր։ «Որպեսզի սերիալային ապուշություն չլինի, ես ասեցի՝ լավ, էդպես, էդ ա»,- որոշել էր Գագիկ Շամշյանը։ Մի քանի անգամ նա գաղտնի հանդիպել էր մորը, հետո՝ ասել. «Եթե գաղտնի ա, չեմ ուզում»։ «Ամեն անգամ իրեն հանդիպելուց կարոտում եմ մանկատունը՝ ընկեր Վերային, ընկեր Լուիզային»,- նշեց նա։ Իր անընտանիք կյանքի մասին խոհերը Շամշյանն ամփոփել է «Ապօրինի երեխաներ չեն լինում, լինում են ապօրինի ծնողներ» հոդվածում։ «Մանկատունը և լավ կողմեր ա ունեցել, և վատ՝ կարելի ա ասել՝ 50-50»,- ասաց նա: Ֆոտոլրագրողն ավելի շատ սիրում է վերհիշել լավ կողմերը, բայց պատմեց նաև, որ ֆիզկուլտուրայի դասատուին կոչում էին «Կապույտ մորուք», նա ծեծում էր առանց առիթի, բոլորին։ Գագիկ Շամշյանն աշխատել է՝ որպես լրագրող, սակայն խմբագիրների խորհրդով, սկսել է նաև լուսանկարել։ Իսկ շուտով լուսանկարելը դարձել է առաջնային։ Այս ընթացքում աշխատանքային գործունեության հետ կապված, կոտրել են նրա 19 լուսանկարչական ապարատները։ Հիմա աշխատանքային արդյունավետ գործունեություն իրականացնելուն զուգընթաց՝ նա ցանկանում է ընտանիք կազմել, երեխա ունենալ։ | |
|
Всего комментариев: 0 | |