Главная » 2011 » Ноябрь » 1 » Եվրախորհրդարանի պատգամավորների հետ քննարկվել է Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականությունը
23:02
Եվրախորհրդարանի պատգամավորների հետ քննարկվել է Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականությունը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` նոյեմբերի 1-ին, ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատվիրակության անդամներին` պատվիրակության ղեկավար, ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխի գլխավորությամբ: http://erevancki.do.am -ին Կառավարության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ  Եվրոպական խորհրդարանի պատգամավորները հետաքրքրվել են տարածաշրջանային հարցերի, հարեւան երկրների հետ Հայաստանի հարաբերությունների, ինչպես նաեւ մեր երկրի ժողովրդավարացման գործընթացների, կառավարման խնդիրների եւ ներկա քաղաքական իրավիճակի վերաբերյալ:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը` վարչապետ Սարգսյանն ընդգծել է  հարցի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը եւ կարեւորել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն այդ ուղղությամբ: Խոսելով ԵՄ-Հայաստան համագործակցության մասին`կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել ԵՄ-Հայաստան Ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքից եւ հավելել, որ սեպտեմբերի 19-ին Բրյուսել կատարած այցի շրջանակում ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին է ներկայացվել 33 ուղղություններով միջոցառումներից բաղկացած նոր բարեփոխումների օրակարգ: Տիգրան Սարգսյանը դրական է գնահատել Արեւելյան գործընկերության շրջանակում ԵՄ երկրների եւ ԵՄ արեւելյան հարեւանների միջեւ համագործակցության խորհրդարանական պլատֆորմի` Եվրոնեստի գործունեությունը եւ նշել, որ այն լավ հնարավորություն է ստեղծում երկկողմ միջխորհրդարանական կապերի սերտացման եւ փորձի փոխանակման համար: Արծարծվել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին, իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերություններին առնչվող հարցեր:

Նշենք, որ Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունը Հայաստան է ժամանել ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 12-րդ նիստին մասնակցելու նպատակով, որը տեղի կունենա նոյեմբերի 2-3-ը Երեւանում: Հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն է ԱԺ պատգամավոր, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Просмотров: 353 | Добавил: Aramik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: