Главная » 2011 » Ноябрь » 9 » Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել Երեւանում ավազակային հարձակման վերաբերյալ
23:25
Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել Երեւանում ավազակային հարձակման վերաբերյալ

Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել այսօր` նոյեմբերի 9-ին, Թումանյան-Խանջյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ավազակային հարձակման վերաբերյալ:

Ոստիկանության կենտրոնականի բաժնի ավագ քննիչ Սուրեն Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսօր ժամը 19-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երեւանի քաղաքի Խանջյան 37 հասցեում գործող տարադրամի կետի դիմացի տարածքում տեղի է ունեցել ավազակային հարձակում: Ահազանգն ստանալուց հետո, անմիջապես դեպքի վայր է ժամանել քննչական եւ օպերատիվ խումբը:

«Դեպքի վայրում պարզվել  է, որ ավազակային հարձակման է ենթարկվել տարադրամի փոխանակման կետի աշխատակիցը, եւ հիվանդանոց են տեղափոխվել երկու քաղաքացի հրազենային վնասվածքներով: Ներկայումս շարունակվում են օպերատիվ-քննչական գործողությունները»,- նշեց քննիչը:

Քննիչը որեւէ այլ հարցի չպատասխանեց` պատճառաբանելով նախաքննության գաղտնիությունը: Անպատասխան մնացին լրագրողների հարցերը, թե ովքե՞ր են վիրավորները, ականատեսներ եղե՞լ են, թե ոչ:

Այդուհանդերձ,  հայտնի է դարձել վիրավորների ինքնությունը: Ավազակային հարձակման արդյունքում, հրազենային վնասվածքներ են ստացել փոխանակման կետի երկու աշխատակիցները, որոնցից մեկը 40-ամյա Ռադիկ Զիրոյանն է, մյուսը` 52-ամյա Լեւոն Ավետիսյանը:  տեղեկություններով, նրանք երկուսն էլ վիրավորվել են ոտքից եւ տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Նրանց այժմ օգնություն է ցուցաբերվում: Վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:

Զիրոյանը մարտունեցի է եւ շրջիկ գումար փոխանակող, ինչից կարելի է ենթադրել, որ հափշտակման պահին նրա մոտ մեծ գումար է եղել:

Ավելի վաղ  թղթակիցը դեպքի վայրից հայտնել էր, որ անհայտ անձինք ժամը 19:00-ի սահմաններում հարձակվել էին Թումանյան-2 շենքում գտնվող փոխանակման կետի վրա: Նրանք զենքի սպառնալիքով, գանձապահից գումար են հափշտակել ու դիմել են փախուստի:

Նրանք փախուստի ժամանակ կրակոցներ են արձակել: Նախնական տեղեկություններով վիրավորվել է երկու մարդ, որոնցից առնվազն մեկը փոխանակման կետի աշխատակիցն է:

Երկու հանցագործները կարողացել են դիմել փախուստի, արձակելով 4-5 կրակոց:

Այս պահին դեպքի վայրում ոստիկանները աշխատանքներ են իրականացնում` վարժեցված շների օգնությամբ: Այստեղ է նաեւ ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետ Ներսես Նազարյանը:

Ոստիկաններն արդեն հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակի կրակված փամփուշտներ:


Просмотров: 334 | Добавил: Aramik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: